Հովհաննես Թումանյանի ուղևորությունները

Զարգացման խնդիրը Թումանյանի համար միշտ եղել է կենսական ու առաջնակարգ: Ներսիսյան դպրոցից հեռացավ առանց նույնիսկ չորրորդ դասարանն ավարտելու, հետագայում էլ, չնայած իր բուռն ցանկությանը, հնարավորություն չունեցավ շարունակելու ընդհատված ուսումը:

1895 թ. նոյեմբերին Թումանյանը կատարում է մի երկար ուղևորություն` Բորժոմ-Ախալցխա-Ախալքալաք-Ալեքսանդրապոլ -Կարս-Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Երևան-Էջմիածին ուղեգծով: Նրա խնդիրն է եղել հիշյալ վայրերում կազմակերպելու «Հանգանակող և գործադրող կոմիտեի» մասնաճյուղեր կամ «տեղական կոմիտեներ»: Դրանք Արևմտյան Հայաստանից Կովկասում հանգրվանած հայ գաղթականությանն օգնող կազմակերպություններ էին:

Դեպի Կարս կատարած ուղևորության ժամանակ, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Երևանում Թումանյանը առիթ է ունենում հաղորդակցվելու այդ քաղաքների մտավորականության, հասարակության, ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնցից շատերն առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպելով բանաստեղծին արտահայտում են իրենց սերն ու հարգանքը նրա նկատմամբ: Նամակներից մեկում Թումանյանը խոսելով իր համար անակնկալ այդ վերաբերմունքի մասին, գրել է.«Ճանապարհին պատիժներից շատ պատիվներ եմ առել…Ուղիղն ասած`ես չգիտեի, թե այսքան ուշադրության արժանացած կլինեմ: Խեղճ ժողովուրդ, որ յուր աղքատությունով էլ է ուրախանում»: Ալեքսանդրապոլում Թումանյանը մի շաբաթ հյուրընկալվում է Իսահակյանի հայրենի հարկի տակ:

1896-ին, Արսեն Ղլտճյանին գրած մի նամակում, Թումանյանը ցանկություն է հայտնում մի նոր ուղևորություն կատարելու, տեսնելու գաղթականներին: «Ես սաստիկ ցանկանում եմ ճանապարհորդություն անել դեպի Իգդիրի կողմերը, Երևանի նահանգում, և գյուղերում ու ճանապարհներին տեսնել պանդուխտներին: Թեև ձմեռը խիստ է, բայց ցանկությունս այնքան մեծ է, որ ոґչ մի ձմեռ արգելք չի կարող լինել. միայն փողի խնդիր կա: Տեսնենք ինչպես է լինում, թե չեղավ, շատ կվշտանամ»: Հավանորեն հենց «փողի խնդիրն» է արգելք եղել, որ բանաստեղծը չի իրականացրել իր այդ մտադրությունը:

Հայաստանի խորհրդայնացման տարիներին անգնահատելի էր Թումանյանի կատարած դերը: 1921թ. Սովետական Հայաստանի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հրավերով, բազմաթիվ այլ գործիչների հետ բանաստեղծը եկել է Երևան Հայաստանի օգնության կոմիտե հիմնադրելու համար: Թումանյանին առաջարկում են կոմիտեի նախագահի պաշտոնը: «Նա հրաժարվում էր, խնդրում իրեն ազատ թողնել, որպեսզի գրականությամն զբաղվի», մտաբերել է հետագայում Լեոն: Սակայն շրջելով Երևանի փողոցներով, տեսնելով ծանր ու դաժան պատկերներ մյուս օրը ժողովի ժամանակ բանաստեղծն ասում է. «Երբ մի ժողովուրդ սովամահ է լինում փողոցներում, պետք է թողնել ամեն ինչ, մոռանալ ամեն բան և գնալ նրան փրկելու»: Այսպես Թումանյանը դարձավ ՀՕԿ-ի նախագահ: Այս գործը վերջինն էր, որ Թումանյանը հասցրեց անել իր ժողովրդի համար:

Հայ ժողովրդի մեծ բանաստեղծի բազմափորձ ու իմաստուն կյանքի ճանապարհին արտասահմանյան ուղևորության շատ առիթներ են եղել, բայց միայն մեկ անգամ և այն էլ` իր կյանքի նախավերջին տարում, անհետաձգելի ու կենսականորեն անհրաժեշտ եղավ նրան ուղևորվելու արտասահման` Կ. Պոլիս, որն այն ժամանակ արևմտահայության խոշոր կենտրոն էր: Այդ ուղևորությունը տեղի է ունեցել 1921 թ. հոկտեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի 22-ը: Մոտ երկամսյա այդ ուղևորությունը, իր ծրագրերով ու խնդիրներով, մեծ բանաստեղծի (սովետական շրջանի) հանրային քաղաքական գործունեության ամենանշանակալից փաստն է, որը բնութագրում է նրան որպես իր մայր ժողովրդի պատմական ճակատագրի հետ կենսականորեն կապված գրողի ու հասարակական գործչի: Նրա այս կարճատև ուղևորությունը բախտորոշ նշանակություն ունեցավ նորահաստատ կազմակերպության` ՀՕԿ-ի հետագա գործունեության համար,

Թումանյանի ուղևորությունը նշանավորվում է նաև պոլսահայ գրական-գեղարվեստական կյանքի համար մի կարևոր նախաձեռնությամբ` Հայ արվեստի տան (Հայարտուն) կազմակերպումով: Պոլիսը արևմտահայ գրականության ու արվեստի ամենախոշոր կենտրոնն էր, բայց չկար մի ընդհանուր մարմին` կազմակերպություն, որը միասնական ծրագրերով համախմբեր բոլոր գրողներին ու արվեստագետներին ` նպաստելու ազգային գեղարվեստական մշակույթի զարգացմանը: Թիֆլիսի Հայարտան օրինակով` Թումանյանի նախաձեռնությամբ 1921 թ. դեկտեմբերին հիմնադրված Պոլսի Հայարտունը այդ համախմբող կենտրոնն էր դառնալու: Թումանյանի գործունեությունը որպես ՀՕԿ-ի նախագահի տևել է ավելի պակաս, քան մեկ տարի, բայց անգնահատելի է նրա մատուցած ծառայությունը հայրենիքին, իսկ արտասահմանյան երկամսյա ուղևորությունը նրա հարուստ կյանքի ամենապայծառ էջերից մեկն է. «Ես միայն սկսեցի, հիվանդությունս խանգարեց…»,-տխրությամբ ասել է բանաստեղծը, որ ի վիճակի չի եղել շարունակելու իր սկսածը: http://blognews.am/arm/news/30361/hovhannes-tumanyan.html http://elenasargsyan.wordpress.com/2012/10/10/%D5%A9%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/

Leave a comment